ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հարավային Կովկասն իբրև ռազմավարական այլընտրանք

Հարավային Կովկասն իբրև ռազմավարական այլընտրանք
13.01.2009 | 00:00

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Աստանայի և Վաշինգտոնի միջև ստորագրված երկու հուշագրերը, որոնք վերաբերում են Աֆղանստանում ամերիկյան «Անխորտակելի ազատություն» գործողության աջակցությանը։ Ենթադրվում է, որ Ալմաթիի օդանավակայանն իբրև պահեստային կօգտագործվի Աֆղանստանում օպերացիա իրականացնելու համար։ Այդպիսով ԱՄՆ-ը, չհուսահատվելով ուզբեկական Խանաբադում ավիաբազայի փակվելու իրողությունից, Կենտրոնական Ասիայում ստեղծել է բավական ճյուղավորված ցանց, որն իր մեջ ներառում է Մանասի (Ղրղզստան), Դուշանբեի (Տաջիկստան) և Թերմեզի (ՈՒզբեկստան) օդանավակայանները։
Ամերիկա-ղազախական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ սպասվում է, որ ՈՒզբեկստանը կդադարեցնի իր մասնակցությունը ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Պարզ է, որ որքան էլ կարևոր լինի Ղազախստանի դերն ԱՄՆ-ի ռազմավարության շրջանակներում, հենց Տաշքենդի դիրքորոշումից և աշխարհաքաղաքական նախապատվություններից է կախված, թե որ տերությունը գերակշռություն կունենա Կենտրոնական Ասիայում։ Այդ տարածաշրջանում ռուսական ազդեցության հզորացման բարձրակետում, այսինքն` այն պահին, երբ ՈՒզբեկստանը դուրս եկավ ՎՈՒԱՄ-ից, արդեն հասկանալի էր, որ Կենտրոնական Ասիայում, միևնույն է, դեռ ձևավորված չէ ուժերի ազդեցության հավասարակշռությունը, և բոլոր պետությունների ձեռքբերումները տարածաշրջանում, առանց բացառության, ժամանակավոր բնույթ ունեն։ Երբ պարզվեց, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ կամ առանց նրա պատրաստ չեն անվտանգության բավարար երաշխիքներ առաջարկելու Կենտրոնական Ասիայի պետություններին, տարածաշրջանի երկրների կառավարող էլիտաները նախընտրեցին սկզբունքային հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, քանի որ այդ գործընկերությունը 1990-ականների վերջին և 2000-ական թվականների սկզբին այլընտրանք չուներ։
2003-ը շրջադարձային տարի դարձավ այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրողությունների ձևավորման համար։ Տարածաշրջանի պետությունները հաճույքով ընդունեցին ԱՄՆ-ի նոր առաջարկները` հենակետային ավիաբազաներ ստեղծելու և տարածաշրջանային հնարավորություններն աֆղանական օպերացիայի համատեքստում օգտագործելու վերաբերյալ։ Հասկանալի էր նաև, որ դրանով ամերիկացիները միաժամանակ լուծում են Ռուսաստանին ու Չինաստանին զսպելու խնդիրները, ինչը միանգամայն ընդունելի էր կենտրոնասիական պետությունների համար։ Այդ երկրներն ունեն վտանգավոր զարգացումներ ենթադրող որոշակի հեռանկար։ Ղազախստանն ու Ղրղզստանը շատ զգուշորեն են վերաբերվում Չինաստանի տնտեսական ու քաղաքական էքսպանսիային։ ՈՒզբեկստանը դարձել է իսլամական արմատականների գործունեության նպատակակետ, նույն դրության մեջ է նաև Տաջիկստանը։ Թուրքմենստանի և Իրանի միջև կարգավորված չեն նույնիսկ սահմանային հարցերը, բայց սրանք արտաքին վտանգների միայն ընդհանուր կողմերն են։ Կենտրոնական Ասիայի պետություններն այդպես էլ Ռուսաստանից չստացան այն, ինչ սպասում էին ինչպես անվտանգության երաշխիքների առումով, այնպես էլ իրենց տնտեսական և աշխարհատնտեսական խնդիրներին ըմբռնումով վերաբերվելու տեսանկյունից։ Ռուսաստանը շարունակում է ձգտել նրան, որ լիարժեք վերահսկողություն հաստատի տարածաշրջանի ռեսուրսների նկատմամբ, ինչն ինքնին կասկածի տակ է դնում կենտրոնասիական պետությունների անկախությունը, և Մոսկվայի այդ քաղաքականությունն անընդունելի է նույնիսկ նրա ամենամերձավոր գործընկեր Ղազախստանի համար։
Կենտրոնական Ասիայում ստեղծված իրավիճակը գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենում Հարավային Կովկասի գործերի վրա, քանի որ մեր տարածաշրջանը նոր գործառույթներ է ձեռք բերում կենտրոնասիական երկրներում ԱՄՆ-ի ներկայության և հետաքրքրության աճի համատեքստում։ Գրեթե երկու տասնամյակ Կենտրոնական Ասիան ունեցել է որոշակի ֆունկցիոնալ դեֆիցիտ քաղաքական և աշխարհատնտեսական առումով, ինչն իր հերթին կախված էր Հարավային Կովկասում խնդիրների լուծումից։ Այն բանից հետո, երբ Կովկասյան-Կասպիական տարածաշրջանում ավարտվեց էներգետիկ տրանսպորտային համակարգի կառուցումը, տարածաշրջանը գնալով ավելի է ձեռք բերում այլ գործառույթներ, և աշխարհատնտեսական խնդիրները սկսում են զիջել աշխարհառազմավարական նշանակության հարցերին։ Եթե նախկինում կար ոչ անհիմն թեզ, թե ամերիկացիներին Հարավային Կովկասում հետաքրքրում է միայն նավթը և ուրիշ ոչինչ, բացի նավթից, ապա այժմ ձևավորվել են նոր առաջնահերթություններ։ Այն իրողությունը, որ ամերիկացիները և նրանց գործընկեր Մեծ Բրիտանիան հնարավոր են համարում Հարավային Կովկասում ռազմական հակամարտությունների վերսկսումը, նշանակում է, որ նրանք սկսել են այլ կերպ ընկալել ռիսկի և վտանգների բովանդակությունը։ Ռուսաստանի շնորհիվ Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրների վերացումից, ղարաբաղյան հիմնախնդրի սառեցումից, Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության հնարավոր սահմանները հստակեցնելուց հետո կարելի է ասել, որ Հարավային Կովկասում առկա պրոբլեմները շատ կողմերով լուծված են, և հասել է ժամն իրագործելու նոր ռազմավարություն Կենտրոնական Ասիայում։
Դժվար է չհամաձայնել Վաշինգտոնում Ջոն Հոփքինսի անվան «Կենտրոնական Ասիայի և Կովկասի» ինստիտուտի տնօրեն Կորնելա Սվենի հետ, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում մինչ օրս կրել է խիստ անհետևողական և հատվածական բնույթ, երբ Վաշինգտոնը հեշտությամբ հրաժարվել է արդեն ձևավորված մտադրություններից, ըստ էության, նահանջելով նախանշած քայլերից։ Ջորջ Բուշի վարչակազմը մշակել էր որոշակի ծրագիր «Մեծ Կենտրոնական Ասիայի» մասին, որի անվանումն իսկ միանգամայն համադրվում է հաջողությամբ իրականացված «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծի հետ և իր մեջ ենթադրում է ժողովրդավարության ներդրում ու այլ ֆանտասմագորիա։ Սակայն այդ ծրագրի սկզբունքայնության մասին վկայում է այն, որ չնայած նորընտիր նախագահ Բարաք Օբաման բազմաթիվ վերապահումներ ունի նախորդ վարչակազմի նկատմամբ, այնուհանդերձ, նա հրապարակավ հայտարարեց, որ առաջնահերթ է համարում Աֆղանստանում ու Պակիստանում անվտանգության խնդիրների ապահովմանն ուղղված ռազմավարության իրագործումը։ Բուշի մտադրություններում Կենտրոնական Ասիային վերապահված էր ոչ միայն ռազմական տրանզիտի և ավիացիայի բազավորման հետ կապված խնդիրների լուծումը, այլև Հարավային Ասիայի, հատկապես Հնդկաստանի էներգետիկ ռեսուրսների ապահովումը։ Հնդկաստանի էներգետիկ և հումքային պահանջների բավարարմանը Կենտրոնական Ասիայի համակցումը կուժեղացնի ամերիկա-հնդկական գործընկերությունը։ Սակայն ավելի կարևոր է թույլ չտալ Ռուսաստանին ու Չինաստանին վերահսկողություն հաստատել կենտրոնասիական ռեսուրսների նկատմամբ։ Այսպիսով, այս տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունն ընդհանուր առմամբ լինելու է ժառանգական, և սրբագրման կենթարկվի միայն քաղաքական գործելաոճը։
Կենտրոնական Ասիան ու Սև ծովը որոշիչ դերում են ԱՄՆ-ի քաղաքականության մեջ Հարավային Կովկասին նոր ռազմավարական գործառույթներ հաղորդելու առումով։ Շուտով հնարավոր կլինի խոսել ԱՄՆ-ի սևծովյան-կովկասյան-կենտրոնասիական ընդհանուր ռազմավարության մասին, որը համարժեք կլինի կենտրոնական-արևելաեվրոպական, մերձավորարևելյան, հարավասիական-խաղաղօվկիանոսյան ամերիկյան ռազմավարությանը։ Միաժամանակ այդ ռազմավարությունը պետք է ունենա հուսալի քաղաքական ապահովում արևմտյան թևում` Սևծովյան ավազանում։ Այս հանգամանքը, ինչպես ոչ մի այլ բան, համընկնում է Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի խոշոր ավիաբազան խաղից դուրս հանելու ԱՄՆ-ի խնդիրներին։ Ամերիկյան վերլուծաբան և քաղաքական ծրագրավորող ՈՒեյն Մերրիի կարծիքով, Ինջիրլիքը չափազանց թանկ նստող և միաժամանակ կարևոր օբյեկտ է, որպեսզի հնարավոր լիներ ընդհանրապես հրաժարվել դրա շահագործումից, սակայն ԱՄՆ-ի առջև կանգնած է այլընտրանք գտնելու խնդիրը։ Ներկայիս պայմաններն ու հանգամանքները հաշվի առնելով` Թուրքիայի ռազմավարական դերն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ գնալով նվազում է, ըստ էության, Թուրքիան կորցնում է իր նշանակությունը Սև ծովում, նվազագույնի է հասցված նրա դերը Հարավային Կովկասում, և ընդհանրապես մոռացության գիրկն են անցել հավակնությունները Կենտրոնական Ասիայում։ ԱՄՆ-ն առնվազն արդեն տասը տարի Թուրքիայի նկատմամբ իրականացնում է քաղաքական մեկուսացման և աշխարհաքաղաքական շրջափակման քաղաքականություն` դրան զուգահեռ շարունակաբար հաշտվելով Ինջիրլիքի բազայի այլընտրանքի բացակայությանը։ Սակայն կան բազմաթիվ նախանշաններ, որ այս հարցում այլընտրանքի որոնումը սկսվել է բազմաթիվ ուղղություններով։ Որքան էլ հարմար լինեն բուլղարական կամ ռումինական օդանավակայանները, առանց Հարավային Կովկասում հիմնական բազավորման հնարավոր չէ ապահովել մանևրելու հնարավորությունները և արդյունավետ գործողություններն առաջնային բազավորման գոտում։
Երկար տարիների կտրվածքով ԱՄՆ-ը մեծ ուշադրություն է դարձրել ադրբեջանական օդանավակայաններին, ուր ամերիկացիները զբաղվել են 5-7 օդանավակայանների արդիականացման հարցերով, այդ թվում` «Նասոսնի» ավիաբազայում։ Միաժամանակ ԱՄՆ-ի համար հրատապ խնդիրները չէին ենթադրում այդ օդանավակայանների օգտագործումը, նրանց, ըստ էության, աֆղանական օպերացիայի հետ կապված ավելի շատ հետաքրքրել է ռազմական տրանզիտը։ Ինչպես ժամանակին այդ կապակցությամբ արտահայտվեց բրիտանական գեներալներից մեկը, կարիք չկա այդ ամենին մեծ նշանակություն տալ, այդ ամենն ընդամենը քար է գետանցի ժամանակ։ Ընդ որում, «Մեծ Մերձավոր Արևելքի» տարածաշրջաններից ոչ մեկը չի կարող դառնալ հիմնական ավիաբազայի ստեղծման հրապարակ, քանի որ այդ խնդիրն առնչվում է ոչ միայն այս կամ այն պետությունների կողմից ԱՄՆ-ի նկատմամբ երկարատև լոյալության ապահովմանը, այլև օդային միջանցքներին։ Որպես օրինակ կարող են ծառայել իրաքյան Քուրդիստանում ստեղծված ավիաբազաները, որոնց ֆունկցիոնալությունը մեծ չէ։
Ներկայումս Ինջիրլիքին այլընտրանք հանդիսացող ավիաբազա կամ այդպիսի բազաների ցանց ստեղծելու հարցը մեծ չափով կախված է նրանից, թե ինչպիսի առաջնահերթություններ ունի ԱՄՆ-ը տարածաշրջանում։ Ենթադրվում է, որ ավիաբազավորման համար հիմնական հրապարակ կդառնա Վրաստանը` որպես ամերիկյան քաղաքական շահերի դաշտում առավելապես ինտեգրացված տարածաշրջանային պետություն։ Հայաստանը նույնպես ընդունելի կլիներ այդ խնդրի լուծման տեսանկյունից, եթե լուծված լինեին պրոբլեմները Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների տեսանկյունից, թեկուզ և օդագնացության տեսանկյունից հայկական օդանավակայաններն այնքան էլ արդյունավետ չեն։ Միաժամանակ տրամաբանական է սպասել, որ, այսպես կոչված, նոր Ինջիրլիքը կստեղծվի Ադրբեջանում, որտեղ կա մի շարք անհրաժեշտ պայմանների համադրություն։ Եթե ամերիկացիների ընտրությունը կանգ առներ Ադրբեջանի վրա, դա կնշանակեր, որ կան հստակ երաշխիքներ, թե Ադրբեջանն արդեն բավարար չափով հեռացած է Թուրքիայից, վերահսկելի չէ և չունի պարտավորեցնող հարաբերություններ Անկարայի հետ։ Որովհետև ամերիկացիները չեն կարող թույլ տալ թուրքական «մոդելի» կրկնությունն Ադրբեջանում, եթե նկատի ունենանք Թուրքիայի ներկայիս պահվածքը։ Այն դիրքորոշումը, որ Անկարան անշեղ իրագործում է վերջին տարիներին, անթույլատրելի է ԱՄՆ-ի համար, և Վաշինգտոնն անտեղի ռիսկի չի դիմի, եթե անգամ խնդիր դրվի կառուցել ոչ այդպիսի թանկարժեք բազա, ինչպիսին է այսօր Ինջիրլիքը։ Այնպես որ, կարելի է սպասել, որ ընտրությունը կանգ կառնի Վրաստանի վրա, մանավանդ որ Վաշինգտոնն արդեն հայտարարել է այդ երկրի տարածքում, ավելի կոնկրետ` Փոթիում, Գորիում և Մառնեուլում, երեք բազա ստեղծելու իր մտադրության մասին։ Կարելի է ենթադրել նաև, որ բազաների այդպիսի աշխարհագրական տեղակայումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանին, այլև Թուրքիային զսպելուն։ Եթե Մառնեուլում իսկապես ամերիկյան բազա ձևավորվի, դա կնշանակի, որ Թուրքիան տարածաշրջանում տեղ չունի։
Այս հոդվածում բազմիցս առիթ ունեցանք օգտագործելու «ռազմավարություն» տերմինը, և դա պատահական չէ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ի հետ կապված խիստ անորոշ են դարձել «քաղաքականություն» կամ «արտաքին քաղաքականություն» հասկացությունները։ Իրականում Բուշի վարչակազմի գործունեությունը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը մի շարք առաջնահերթ տարածաշրջաններում դարձավ անհետևողական, հատվածական և քիչ բովանդակային։ ԱՄՆ-ը կարծես սկսեց զգուշանալ արտաքին քաղաքականություն վարելուց, ըստ էության, հրաժեշտ տալով կոմբինացիոն արտաքին քաղաքականության իրականացմանը, երբ անհրաժեշտ է լինում ձեռնարկել զանգվածային գործողություններ մեկից ավելի տարածաշրջաններում միաժամանակ։ Այդ իսկ պատճառով որպես սկզբունքային և նշանակալի բնորոշում հարկադրված ենք կիրառել «ռազմավարություն» տերմինը։ Հավանական է, որ ԱՄՆ-ը կկանգնի նոր խնդիրների առջև արտաքին քաղաքականության մեջ, ինչով էլ պայմանավորված կլինեն ռազմավարական նախագծերի որոշակի «փլուզումը» կամ «մանրացումը»։ Սակայն Սև ծովի ափից մինչև Չինաստանի հետ սահմանն ընկած տարածաշրջաններն իրենցից ներկայացնում են ԱՄՆ-ի համար չափազանց կարևոր ռազմավարական տարածություն, և ամերիկացիները ստիպված են լինելու կրկին վերադառնալ դեպի Եվրասիայի խորքը էքսպանսիայի իրականացման ռազմավարությանը։ Բարաք Օբաման մտադիր է մեծացնել ամերիկյան ռազմական ներկայությունն Աֆղանստանում` ընդգրկելով ևս 20 հազար զինծառայողների։ Հարկ է հաշվի առնել, որ այդպիսի որոշում է ընդունել այն մարդը, որը դեռ չի ստանձնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը։ Կասկած չկա, որ նորընտիր նախագահի և Պենտագոնի, ինչպես նաև ԱՄՆ-ի «ռազմավարական վերնախավի» միջև եղել են պայմանավորվածություններ, ընդ որում, նախընտրական պայքարի դեռ սկզբնական փուլում։
ԱՄՆ-ի դրությունն այնպիսին է, որ Բարաք Օբամայի շատ մրցակիցներ կցանկանային, որ նա հաջողության հասնի իր հռչակած քաղաքականության մեջ ինչպես տնտեսության ոլորտում, այնպես էլ տարածաշրջանային ուղղություններով։ Հնարավոր է, որ շատ հանրապետականներ, այդ թվում` զինվորականներ, որոնք ավանդաբար համակրում են այդ կուսակցությանը, այժմ կնախընտրեն պաշտպանել Բարաք Օբամային։ Մանավանդ որ այսօր խոսվում է ոչ թե Օբամայի, այլ քլինթոնա-բայդենյան վարչակազմ ձևավորելու մասին։ Այսինքն` հենց այն թիմը, որն առաջին անգամ մշակել է ԱՄՆ-ի եվրասիական քաղաքականությունը, ԱՄՆ-ը դարձրել է ակտիվ մասնակից Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի քաղաքական զարգացումներում։ Անհրաժեշտ է ընդգծել, որ հենց քլինթոնյան թիմը և ոչ թե Բուշի մարդիկ, դրեց Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման հիմքը, արեց ամեն ինչ, որ թույլ չտա Թուրքիայի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում, Բալկաններում և Կենտրոնական Ասիայում։ Այդ թիմը նպաստեց Թուրքիայի տնտեսական ճգնաժամի սկզբնավորմանն ու խորացմանը 1999-ին, որից այդ երկիրը չի սթափվել մինչև այսօր։ Առայժմ իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի աշխարհառազմավարության մեջ Հարավային Կովկասն է դառնում Թուրքիային այլընտրանք։ Դա, առանց չափազանցության, վերջնականապես պարզ կդառնա, երբ կհստակեցվի, թե որն է լինելու Ինջիրլիքի ավիաբազայի այլընտրանքը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3457

Մեկնաբանություններ